Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը ապրիլի 19-ին ընդունել է ”Հայ-բրիտանական միություն” հասարակական կազմակերպության անդամներին` կազմակերպության խորհրդի նախագահ Հայկ Հարությունյանի գլխավորությամբ: Այս մասին հաղորդում է ԼՂՀ նախագահի լրատվական ծառայությունը:
Հանդիպմանը քննարկվել են արտասահմանյան առաջատար բուհերում հայ ուսանողների կրթության և հայրենիքում ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման, կառավարման մեթոդների կիրառման հետ կապված հարցեր:
Երկրի ղեկավարը կարևորել է արտերկրի, մասնավորապես, Մեծ Բրիտանիայի հեղինակավոր բուհերում հայ երիտասարդության կրթության հարցը, նրանց վերադարձը հայրենիք ու ստացած գիտելիքների կիրառումը` ի նպաստ հայրենի երկրի զարգացման:
Բակո Սահակյանը նշել է, որ Արցախում առանձնակի ուշադրություն է դարձվում որակյալ կադրերի պատրաստման ու կատարելագործման հարցերին, և այդ գործում ակնկալում է նաև “Հայ-բրիտանական միության” դերակատարությունը:
Հանդիպմանը մասնակցել են Արցախի Հանրապետության Գերագույն դատարանի նախագահ Արարատ Դանիելյանը, կրթության և գիտության նախարար Վլադիկ Խաչատրյանը, մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը: