22 ապրիլի 2010 - 17:17 AMT
Իտալիայի սենատորը պահանջել է ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Իտալիայի ընդդիմական Դեմոկրատական կուսակցության անդամ, սենատոր Ալբերտինա Սոլիանին պահանջել է, որպեսզի Սենատը ճանաչի Հայոց ցեղասպանությունը: Ինչպես գրում է ASCA իտալական լրատվական գործակալությունը, Սոլիանին հայ-իտալական բարեկամության խորհրդարանական խմբի անունից կոչ է արել միանալ Հայաստանի Հանրապետությանն ու Իտալիայի հայ համայնքին և հարգել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: "Հայոց ցեղասպանության ճանաչումը բոլորի կողմից կարող է հիմք դառնալ Հայաստանի ու Թուրքիայի միջև նոր ու ամուր հարաբերությունների հաստատման համար",- ասել է Ալբերտինա Սոլիանին` ավելացնելով, որ ճիշտ է համարում, որպեսզի Իտալիայի Սենատը մոտ ժամանակներս ճանաչի Հայոց ցեղասպանությունը: