23 ապրիլի 2010 - 13:01 AMT
Պադովայում տեղի է ունեցել Գրացիելլա Վիգոյի «Հայաստանի սուրբ հող» գրքի շնորհանդեսը

Աապրիլի 19-ին Պադովայի քաղաքապետարանի «Պալացո Մոռոնի» պատմական սրահում տեղի է ունեցել իտալացի անվանի լուսանկարիչ Գրացիելլա Վիգոյի «Հայաստանի սուրբ հող» գրքի շնորհանդեսը, ինչպես նաև գրքում տեղ գտած լուսանկարների ցուցահանդեսը, որը նվիրված էր Հայոց Ցեղասպանության 95-ամյակին:

Միջոցառումը բացել է Պադովայի քաղաքապետ Ֆլավիո Զանոնատոն, որը հատուկ շեշտել է այն հանգամանքը, որ Պադովա քաղաքը առաջինն էր, որ ճանաչեց Հայոց ցեղասպանությունը և քաղաքապետարանի բակում փակցրեց զոհերի հիշատակը հավերժացնող հուշատախտակ: Նա, համարելով Հայոց ցեղասպանությունը մեծագույն ոճիր մարդկության դեմ, անհրաժեշտ համարեց այդ մասին մշտապես հիշեցումն ու դատապարտումը:

Այնուհետև ելույթ է ունեցել Իտալիայում Հայաստանի դեսպան Ռուբեն Կարապետյանը, որը բարձր է գնահատել Պադովայի քաղաքապետարանի և անձնապես քաղաքապետի դիրքորոշումը Հայոց ցեղասպանության հարցում: Դեսպանը կարեւորել է Գրացիելլա Վիգոյի կողմից կատարված աշխատանքը և շեշտել, որ միջոցառումը խորհրդանշում է ոչ միայն Հայաստանի պատմությունը, այլև` նրա լուսավոր ապագան ու հայ ժողովրդի հավերժությունը:

Միջոցառմանը ներկա էին Իտալիայի քաղաքական և մշակույթի շրջանակների, հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: