24 ապրիլի 2010 - 17:21 AMT
Գերմանիայում բնակվող 16 հազ. թուրք դեմ է Թուրքիայի ժխտողական քաղաքականությանը

“Մենք կարողացանք հավաքել Գերմանիայում բնակվող 16 հազ. թուրքի ստորագրություն, որոնք դեմ են Հայոց ցեղասպանության ժխտողական քաղաքականությանը: Թեև ես ամաչում եմ, որ այսօր Ծիծեռնակաբերդում ոչ մի թուրքի չեմ տեսնում, սակայն ես արդեն երրորդ տարին է գալիս եմ այստեղ, որպեսզի հարգանքի տուրք մատուցեմ Ցեղասպանության զոհերի հիշատակին”, - ասել է “Միություն` ընդդեմ ցեղասպանության” կազմակերպության ղեկավարի տեղակալ Էլիֆ Սելաֆ Էդեմը:

Նրա խոսքերի համաձայն, “Միություն` ընդդեմ ցեղասպանության” կազմակերպությունը ստեղծվել է Գերմանիայում և գործում է արդեն 11 տարի:

“Վստահ եմ, որ այսպիսի կազմակերպություն չի կարող Թուրքիայում գոյություն ունենալ, քանի որ այնտեղ վտանգավոր են նմանատիպ դրսևորումները: Ես հասկանում եմ, որ մեր ձեռնարկները մի կաթիլ են ծովի մեջ, բայց հույս ունենք, որ դրանք արդյունավետ կլինեն: Մենք հասկանում ենք, որ չի կարելի ղեկավարվել այն ժխտողական քաղաքականությամբ, որը վարում է պաշտոնական Թուրքիան”, – ասել է Էդեմը: