3 մայիսի 2010 - 20:38 AMT
Մայիսի 9-ին հայ զինվորները կանցնեն Կարմիր հրապարակով

Մայիսի 9-ին, Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 65-ամյակի տոնակատարության օրը հայ զինվորների մեկ զորախումբ կանցնի Կարմիր հրապարակով: Հայ զինվորականներն արդեն գտնվում են Մոսկվայում և նախապատրաստվում են շքերթին: Այս մասին Կոտայքի մարզի Մրգաշեն գյուղում տեղի ունեցած միջոցառման ընթացքում ասել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Օհանյանի խոսքերի համաձայն, 1945 թ. մայիսի 9-ի հաղթանակի երաշխիքը ԽՍՀՄ ամբողջ ժողովրդի համախմբված պայքարն էր: «Հաղթանակի հասնելու գործում մեծ ներդրում է ունեցել նաև հայ ժողովուրդը: Հայաստանը պատերազմի ընթացքում տվել է երեք մարշալ և մեկ ծովակալ», - ընդգծել է նա:

Այս համատեքստում նա նշել է, որ մայիսի 9 հայերի համար նշանավորվում է ոչ միայն Հայրենական մեծ պատերազմի, այլև Շուշիի ազատագրման համար հաղթանակով: