3 մայիսի 2010 - 21:04 AMT
Հայաստանի սեղանի թենիսի հավաքականը պատանիների միջազգային մրցաշարի չեմպիոն է հռչակվել

Ապրիլի 30-ից մայիսի 3-ն ընկած ժամանակահատվածում Վրաստանի Բաթումի քաղաքում Հայաստանի սեղանի թենիսի թիմը մասնակցել է սեղանի թենիսի պատանիների միջազգային մրցաշարին:

Հայաստանի թիմը մրցել է Թուրքիայի, Կիպրոսի և Վրաստանի թիմերի հետ: Թիմային պայքարում Վրաստանը ներկայացնող առաջին թիմի նկատմամբ Հայաստանի ընտրանին հաղթանակ է տոնել 3:1 հաշվով: Թուրքիայի թիմի նկատմամբ հայ թենիսիստները հաղթանակ են տարել 3:0 հաշվով: Հայաստանի թիմը եզրափակիչ է դուրս եկել Վրաստանը ներկայացնող երկրորդ թիմի հետ, որին հաղթել է 3:1 հաշվով և հռչակվել է չեմպիոն:

Անհատական պայքարում Հայաստանի պատանիների չեմպիոն Հարություն Հարությունյանը հաղթանակ տոնելով Թուրքիայի, Կիպրոսի, Վրաստանի թենիսիստների նկատմամբ` հռչակվել է պատանիների միջազգային մրցաշարի չեմպիոն:

Ընդհանուր առմամբ միջազգային այս մրցաշարում Հայաստանի սեղանի թենիսի թիմը անհատական մրցապայքարում վաստակել է 1 ոսկե, 1 բրոնզե մեդալ, իսկ թիմային մրցապայքարում չեմպիոն է հռչակվել:

Մայիսի 4-ին Հայաստանի սեղանի թենիսի թիմը վերադառնալու է Հայաստան, հաղորդում է Հայաստանի Սեղանի թենիսի ֆեդերացիան: