6 մայիսի 2010 - 15:47 AMT
Մոսկվայում քննարկելու են տարածաշրջանի փոստային կապի զարգացումը 2009-2012թթ.

ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանի գլխավորած պատվիրակությունը կմասնակցի Մոսկվայում մայիսի 8-9-ը կայանալիք ԱՊՀ կապի տարածաշրջանային համագործակցության (ԿՏՀ) վարչակազմերի ղեկավարների 42-րդ և Կապի տարածաշրջանային համագործակցությանն առընթեր տեղեկատվայնացման ոլորտի համակարգող խորհրդի 15-րդ նիստերին, հաղորդում է տրանսպորտի և կապի նախարարության մամլո ծառայությունը:

Նիստերի օրակարգերում ընդգրկված են կապի և տեղեկատվայնացման ոլորտների զարգացմանն առնչվող մի շարք հարցեր: Մասնավորապես կլինեն զեկույցներ 2009-2012 թվականներին տարածաշրջանում փոստի զարգացման ծրագրի, ԿՏՀ անդամ երկրների փոստի ոլորտի վրա համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի ազդեցության մասին:

Կքննարկվեն ԿՏՀ անդամ երկրների էլեկտրակապի օպերատորների միջազգային ծառայողական կապի համակարգի ստեղծման, էլեկտրոնային ծառայությունների որակի բարելավման, ինչպես նաև Միջազգային էլեկտրակապի միության` համաշխարհային համաժողովին ԿՏՀ անդամ երկրների մասնակցության նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ հարցեր: