7 մայիսի 2010 - 17:12 AMT
Հայաստանը պետք է օր առաջ ձերբազատվի արձանագրություններից

Հայաստանը պետք է օր առաջ ձերբազատվի արձանագրություններից: Արձանագրությունների վավերացումը դադարեցնելը դեռ չի նշանակում, թե Հայաստանը հրաժարվել է այդ փաստաթղթերից: Այս մասին «Հայ դատի» հանձնաժողովների համաժողովի ընթացքում ելույթ ունենալով` ասել է ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը:

«Արձանագրություններն ինքնին վտանգ են ներկայացնում մեզ համար: Թուրքիային ձեռնտու է, որ արձանագրությունները շարունակեն իրենց գոյությունը, քանի որ Անկարային ձեռնտու է գործընթացը, այլ ոչ դրա արդյունքը», - ասել է խորհրդարանի պատգամավորը:

«Հայ դատի» մասին խոսելով, Արմեն Ռուստամյանը նշել է, որ իրենց ներկայացրած փաթեթը բովանդակում է Հայոց ցեղասպանության ճանաչմանը հասնելու, կորուստների փոխհատուցման և հայ ժողովրդի պատմական իրավունքների վերականգնման բոլոր քայլերը: ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը ընդգծել է նաև, որ Հայաստանի ղեկավարությանը չհաջողվեց սահմանազատել հայ-թուրքական հարաբերությունների գործընթացը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցից:

«ԼՂՀ ժողովուրդը երկու անգամ հայտնել է իր կամքը և ինքնորոշման ձգտումը, իսկ Արցախի Հանրապետության տարածքը հաստատված է ԼՂՀ Սահմանադրությամբ», - ասել է Արմեն Ռուստամյանը: