19 մայիսի 2010 - 14:53 AMT
Ֆրանսահայերը պահանջում են Սենատից ընդունել Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը

Ֆրանսիայի հայկական համայնքը բողոքի ակցիա է անցկացրել Ֆրանսիայի Սենատի դիմաց` պահանջելով ընդունել Հայոց ցեղասպանությունըհերքելու համար քրեական պատասխանատվության ենթարկելու մասին օրինագիծը, որն ընդունվել է 2006-ին Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից: Ինչպես հայտնում է Pan ARMENIAN.Net-ին անկախ ֆրանսիացի լրագրող Ժան Էքյանը, ակցիային մասնակցում է շուրջ 600 մարդ:

Ֆրանսիայի Հայկական կազմակերպությունների ասոցիացիայի նոր համանախագահ Արա Թորանյանը և ՀՅԴ ներկայացուցիչ Մուրադ Փափազյանը կոչ են արել հայկական համայնքին չթուլացնել ճնշումը, որպեսզի Ֆրանսիան ճանաչի իր պարտավորությունները Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանությունը հերքելու վտանգի վերաբերյալ: Նա նաև հույս հայտնեց, որ օրինագիծը կընդունվի մինչև 2011-ը:

Անցյալ տարվա ընթացքում Ֆրանսիայի լիցեյներում եղել են Հայոց ցեղասպանության ժխտման մի քանի դեպքեր թուրքական ծագում ունեցող սովորողների կողմից:

Եթե օրինագիծն ընդունվի, ապա այն խախտելու դեպքում նախատեսվում է մեկ տարվա ազատազրկում և 45 հազար եվրո տուգանք: