Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Արգենտինյան Հանրապետության արտաքին գործերի, միջազգային առեւտրի եւ պաշտամունքի նախարար Խորխե Տայանային, ով Երեւանում է ՀՀ-ում Արգենտինայի դեսպանության բացման առիթով:
ՀՀ նախագահը շնորհավորել է պարոն Տայանային Արգենտինայի անկախության 200-ամյակի, նաեւ` Հայաստանում Արգենտինայի դեսպանության բացման կապակցությամբ: Սերժ Սարգսյանը գոհունակությամբ է խոսել հայ-արգենտինյան հարաբերությունների ներկա մակարդակի մասին եւ նշել, որ պետք է օգտագործել դրանք առավել ընդլայնելու հնարավորությունները:
Խորխե Տայանան ասել է, որ իր երկիրը կարեւորում է բարեկամ Հայաստանի հետ կապերի խորացումը, եւ հարավկովկասյան տարածաշրջանի երկրներից առաջինը Հայաստանում դեսպանություն բացելը պետք է դիտարկել հենց այդ համատեքստում:
Կողմերը քննարկել են հայ-արգենտինյան քաղաքական երկխոսությունը բոլոր մակարդակներում ակտիվորեն շարունակելու, տնտեսական համագործակցությունը խթանելու, մշակույթի եւ սպորտի բնագավառներում շփումներն աշխուժացնելու վերաբերյալ հարցեր: Արտգործնախարար Տայանան նշել է, որ Արգենտինան պատրաստ է օժանդակել Հայաստանին տնտեսության զարգացման ծրագրերում, մասնավորապես` գյուղատնտեսությունում նոր տեխնոլոգիաներ ներդնելու գործում:
Զրուցակիցները նշել են, որ արգենտինահայ համայնքը կապող օղակ է երկու երկրների միջեւ, ինչի վկայություններից է նաեւ Հայաստանում բազմաթիվ արգենտինացի գործարարների ներկայությունը:
Կողմերն անդրադարձել են նաեւ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման եւ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման գործընթացներին: Արգենտինայի արտգործնախարարի խոսքով` իր երկրի դիրքորոշումը ցեղասպանության հարցում հստակ է` ցեղասպանության փաստը կասկածի ենթակա չէ: Խորխե Տայանան անդրադարձել է նաեւ Ադրբեջանի ռազմատենչ հայտարարություններին` ընդգծելով, որ դրանք չեն նպաստում խնդրի խաղաղ կարգավորմանը, հայտնում է նախագահի մամլո ծառայությունը: