26 մայիսի 2010 - 16:47 AMT
Իգոր Նայդին. «Հայաստանի հետ Բորոդինի քառյակին շատ բան է կապում»

«Վերջին տարիներին Բորոդինի անվ. քառյակը սերտորեն կապվել է Հայաստանին: Դա, անկասկած, քառյակի առաջին ջութակ Ռուբեն Ահարոնյանի շնորհիվ է: Սակայն խմբին Հայաստանի հետ նաև այլ օղակներ են կապում», - նշել է քառյակի ալտահար Իգոր Նայդինը` մայիսի 26-ին տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ:

Նա նշել է, որ քառյակի առաջին ուսուցիչը կամերային երաժշտության գիտակ, Մոսկվայի կոնսերվատորիայի պրոֆեսոր Միքայել Տերիյանն էր, ով քառյակի անդամներին դեռևս ուսանողության տարիներից է դասավանդել:

Նա պատմել է նաև 1980-ական թթ. նկարահանված մի ֆիլմի մասին, որը նվիրված է քառյակի 40 ամյակին: «Ֆիլմում լսվում է Մ. Տերիյանի կադրից դուրս հնչող ձայնը, որ պատմում է քառյակի յուրաքանչյուր անդամի մասին»:

Ի. Նայդինը նշել է, որ Բորոդինի քառյակի համար օրինակ է ծառայել Կոմիտասի անվան հայտնի քառյակը. «Մենք շատ բան ենք այդ քառյակից սովորել»:

Ներկայում Բորոդինի անվան քառյակի համերգացանկում կան նաև հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ: