13 հոկտեմբերի 2001 - 23:01 AMT
ՊԱՏՐԱՍՏՎԵԼՈՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆԴԵՊ ԱԳՐԵՍԻԱՅԻ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԷԼԻՏԱՆ ՀՈՒՅՍ ՉԻ ԴՆՈՒՄ ԻՐ ՈՒԺԵՐԻՆ
Թուրքական խորհրդարանի անդամ Բյուլենտ Ակաչալին հանդես է եկել հայտարարությամբ, որի համաձայն Անկարան պատրաստ է սկսել «հակաահաբեկչական գործողություններ Ղարաբաղում, եթե Բաքուն կարողանա ապացուցել, որ Հայաստանը մասնակից է Ադրբեջանում, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած ահաբեկչական գործողություններին»: «Մենք պետք է պարտադիր կարգով խնդրենք ԱԳՆ-ին ներկայացնել այդ ապացույցները Թուրքիայի խորհրդարանին»,- ասել է ANS ադրբեջանական գործակալությանը տրված հարցազրույցում Բաքվի պետական համալսարանի դոցենտ Քյամիլ Սալիմովը: Միաժամանակ, միջազգային ահաբեկչության դեմ պայքարի բնագավառում իրեն մեծ մասնագետ համարող գիտնականը գտնում է, որ առայժմ Թուրքիան Լեռնային Ղարաբաղի հանդեպ զինվորական գործողություններ սկսելու իրավական հիմք չունի: «Առանց Ադրբեջանի համաձայնության դա հնարավոր չի, քանի որ ՄԱԿ-ը իր բազմաթիվ հռչակագրերում, կոնվենցիաներում եւ բանաձեւերում հանձնարարում է պետություններին կնքել ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ պայմանագրեր իրենց տարածքներում ահաբեկչական բռնությունը ճնշելու եւ վերացնելու համար»,- ընդգծեց Սալիմովը: Խնդրի լուծումը նա տեսնում է «Հայաստանի կողմից ահաբեկչական գործողությունների համատեղ ճնշման մասին» Թուրքիայի հետ պայմանագիր կնքելում: Այսպիսով, ակնհայտ է, որ ադրբեջանական էլիտան պատրաստվելով Լեռնային Ղարաբաղի հանդեպ ագրեսիայի, հույս չի դնում իր սեփական ուժերին:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: