31 մայիսի 2010 - 19:40 AMT
Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ՀԱՊԿ անդամ-երկրների խորհրդարանական պատվիրակությունների ղեկավարներին

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի արտագնա նիստին մասնակցելու նպատակով Երևան ժամանած ՀԱՊԿ անդամ-երկրների խորհրդարանական պատվիրակությունների ղեկավարներին:

Կարևորելով ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի խորհրդի արտագնա նիստի անցկացումը Հայաստանում` նախագահ Սարգսյանն ասել է, որ մեր երկիրը մեծ նշանակություն է տալիս ՀԱՊԿ ձևավորմանն ու կայացմանը, կազմակերպության շրջանակում ընթացող ինտեգրացիոն գործընթացներին:

«Պատահական չէ, որ ՀԱՊԿ շրջանակում ստորագրված երեսունմեկ պայմանագրից երեսունն արդեն իսկ հավանության է արժանացրել Հայաստանի Ազգային ժողովը»,-ընդգծել է երկրի ղեկավարը: Նշելով, որ նույնիսկ ամենախոշոր երկրները միշտ չէ, որ ի վիճակի են միայնակ դիմակայելու ահագնացող մարտահրավերներին` Սերժ Սարգսյանն ասել է, որ այնպիսի երկրների համար, ինչպիսին Հայաստանն է, շատ կարևոր են կազմակերպության շրջանակում տեղի ունեցող ինտեգրացիոն գործընթացները:

ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ, ՌԴ Պետդումայի նախագահ Բորիս Գրիզլովը նշել է, որ երևանյան հավաքը ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի առաջին արտագնա նիստն է: Նիստի մասնակից պատվիրակությունների ղեկավարները շնորհակալություն են հայտնել ջերմ ընդունելության համար և նշել, որ կառուցողական ու շահագրգիռ քննարկում է ծավալվել օրակարգային հարցերի վերաբերյալ: Նրանք վստահություն են հայտնել, որ երևանյան արտագնա նիստը նոր ազդակ կհաղորդի ՀԱՊԿ խորհրդարանական բաղադրիչին:

Հանրապետության նախագահը համոզմունք է հայտնել, որ երևանյան նիստի արդյունքները կնպաստեն կազմակերպության ամրապնդմանն ու անդամ-երկրների փոխգործակցության արդյունավետության հետագա բարձրացմանը, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը: