2 հունիսի 2010 - 21:18 AMT
ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավարը քննարկում է արդարադատության համակարգի բարեփոխումները

ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Սերգեյ Կապինոսը հունիսի 2-ին հանդիպել է ՀՀ արդարադատության նախարարի հետ` քննարկելու ընթացիկ համագործակցությունը արդարադատության համակարգի բարեփոխման ոլորտում:

Հանդիպման ժամանակ կողմերը կարևորել են քրեական արդարադատության բարեփոխման և օրենքի գերակայության խթանումը Հայաստանում:

ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավարն իր պատրաստակամությունն է հայտնել` ներդրում ունենալու դատական բարեփոխումների գործընթացում և միջազգային փորձագիտական աջակցություն ցուցաբերելու քրեական դատավարության օրենսգրքի նախագծի կապակցությամբ:

Դեսպան Կապինոսը բարձր է գնահատել արդարադատության նախարարության ջանքերը` ԵԱՀԿ ԺՀՄԻԳ դատավարությունների դիտարկման մասին զեկույցի առաջարկների իրականացման ուղղությամբ: «Քանի որ դատական անկախությունը և օրենքի գերակայությունը ԵԱՀԿ մարդու իրավունքների հանձնառություններից են, գրասենյակը պատրաստ է աջակցելու արդարադատության նախարարության բարեփոխումների ջանքերին», - ասել է դեսպան Կապինոսը:

Քննարկվել են քրեակատարողական համակարգի հետագա բարեփոխումները` միջազգային չափանիշներին համապատասխան:

ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավարը նաև նշել է հավաքների անցկացման իրավունքի ազատ և օրենքին համապատասխան իրականացման երաշխիքների կարևորությունը` մարդու իրավունքների կարևորագույն հանձնառությունների շարքում:

ԵԱՀԿ երևանյան գրասենյակը համագործակցում է արդարադատության նախարարության, պետական կառույցների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ` խթանելու մարդու իրավունքների պաշտպանությունը Հայաստանում` միջազգային չափանիշներին համահունչ: Այս մասին հաղորդում է ԵԱՀԿ մամլո գրասենյակը: