8 հունիսի 2010 - 16:58 AMT
ԳՄՌԿ-ում տեղի կունենա մանկական նկարների ցուցահանդես

Հունիսի 9-ին Հայաստանում Գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի (ԳՄՌԿ) ցուցասրահում կբացվի Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակին նվիրված մանկական նկարների ցուցահանդես`«Թող լինի միշտ արևը, թող լինի միշտ խաղաղությունը» խորագրով:

Ինչպես հաղորդում է Հայաստանում «Ռուսհամագործակցության» ներկայացուցչության մամլո ծառայությունը, ցուցահանդեսում կներկայացվեն 5-16 տարեկան երեխաների շուրջ 60 լավագույն հեղինակային ու կոլեկտիվ աշխատանքներ: Մասնակից երեխաները Գեղագիտական ազգային կենտրոնի և Քաղաքային մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնի սաներ են:

Ցուցահանդեսը կազմակերպել են ԱՊՀ, արտերկրում բնակվող հայրենակիցների և միջազգային հումանիտար համագործակցության գծով դաշնային գործակալության ներկայացուցչությունը: