9 հունիսի 2010 - 14:52 AMT
Մեկնարկել է սպորտային մարմնամարզության Ալբերտ Ազարյանի գավաթը

Հունիսի 8-ին Երևանում մեկնարկել է օլիմպիական չեմպիոն Ալբերտ Ազարյանի անվան սպորտային մարմնամարզության գավաթը: Մրցաշարն ավանդական է և տեղի է ունենում 7-րդ անգամ: Մասնակցում են 43 մարզիկներ Հայաստանից, Վրաստանից և Իրանից:

Առաջին օրը մարզիկները հանդես եկան «բազմամարտում»: Մրցանակային տեղեր զբաղեցրին Վահան Ստեփանյանը, Հարություն Մերդինյանը և Արթուր Դավթյանը:

«Այսօրվա հաղթողները ելույթ կունենան մարմնամարզական տարբեր գործիքների վրա: Նրանց հետ կմրցեն նաև երկու մարզիկներ Վրաստանից և Իրանից»,- PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտնել է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Էլֆիկ Հովհաննիսյանը:

Ալբերտ Ազարյանը խոստովանեց, որ ուրախ է մարզիկների լավ ելույթների համար: «Մրցաշարը կազմակերպված է բարձր մակարդակով: Հուսով եմ, որ ապագայում մասնակցիների թիվը կավելանա: Ինձ դուր եկան Հայաստանի և Վրաստանի մարզիկները, որոնք հաջող ելույթ ունեցան»,- ասել է Ազարյանը: