10 հունիսի 2010 - 19:23 AMT
Սերժ Սարգսյանն ընդունել է Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի նախկին փոխխոսնակ, բարոնուհի Քերոլայն Քոքսին

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 10-ին ընդունել է Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի նախկին փոխխոսնակ, բարոնուհի Քերոլայն Քոքսին:

Սերժ Սարգսյանն ասել է, որ բարոնուհու և նրա համախոհների ավանդական դարձած այցելությունները Հայաստան և Արցախ, հայկական կողմի հետ նրանց արդյունավետ համագործակցությունը բարձր գնահատանքի են արժանի: «Մեկ անգամ ևս շնորհակալություն Ձեզ և Ձեր ընկերներին` երկար տարիների հետևողական աշխատանքի համար»,- ասել է նախագահը:

Բարոնուհի Քոքսը նախագահ Սարգսյանին պատմել է իր` թվով արդեն 70-րդ այցելության ընթացքում ստացած տպավորությունների մասին: Նա ասել է, որ ինչպես նախորդ այցերին, այնպես էլ այս անգամ ուրախությամբ արձանագրել է, որ թե Երևանում, և թե Ստեփանակերտում մեծ դրական փոփոխություններ են կատարվում:

Զրուցակիցներն անդրադարձել են նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի և Հայաստան-Թուրքիա հարաբերությունների վերջին զարգացումներին: Քերոլայն Քոքսն ասել է, որ միջազգային հանրությունը միանշանակ բարձր է գնահատում Հայաստանի` հարևան երկրների հետ խնդիրները բանակցությունների և համագործակցության միջոցով լուծելու դիրքորոշումը: Սակայն, բարոնուհու խոսքով, Հայաստանի զուսպ արձագանքը Ադրբեջանի ստահոդ ակտիվ քարոզչությանը վերջինիս հնարավորություն է տալիս հաճախ մոլորության մեջ գցելու նույն այդ հանրությանը, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը: