12 հունիսի 2010 - 16:59 AMT
ԱՄՆ-ն Թուրքիային չի պատժի Հայոց ցեղասպանությունն ընդունելով

ԱՄՆ-ն մտադիր չէ Հայոց ցեղասպանությունը ընդունելով` Թուրքիային պատժել` «Ազատության նավատորմի» հետ տեղի ունեցած միջադեպի համար: «Չեմ կարծում, որ մենք պետք է շաղկապենք այն հարցերը, որոնք միմյանց հետ որևէ առնչություն չունեն: Դրանք մենք առանձին-առանձին` յուրաքանչյուրն իր հերթին կքննարկենք», - ասել է Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Գորդոնը: Նա նաև ավելացրել է, որ ԱՄՆ –ն շատ զգուշավոր է այդ հարցում և ուզում է Թուրքիայի բարձր վարկանիշը ԱՄՆ-ում պահպանել:

Գորդոնը նշել է, որ Մ.Նահանգների և Թուրքիայի միջև տարբերություն կա, սակայն նրանք նաև շատ նմանություններ ունեն և աշխատում են տարբեր բնագավառներում:

Նախօրեին ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Ֆիլիպ Կրոուլին նշել էր, որ ԱՄՆ-ն սկզբունքորեն համաձայն է Իսրայելի առաջարկությանը` միջադեպը հետաքննելու համար հանձնաժողով ստեղծել, որում ընդգրկված կլինեն ամերիկացի փորձագետներ:

PanARMENIAN.Net-ին Վաշինգտոնի աղբյուրներից հայտնի է դարձել, որ ներկայում հայ և հրեական լոբբիի միջև խորհրդակցություններ են ընթանում` Հայոց ցեղասպանության 252 բանաձևը առաջ քաշելու ուղղությամբ: Հրեական լոբբին երկար ժամանակ տորպեդահարում էր այդ բանաձևի ընդունումը Թուրքիայի հետ ունեցած բարեկամական հարաբերությունների պատճառով: Բայց հիմա այն կոնգրեսականները, ովքեր աջակցում էին Թուրքիային` վերանայում են իրենց դիրքորոշումը: Պետք է նշել նաև, որ Իսրայել-Թուրքիա բարեկամության խումբը Քնեսեթում դադարեցրել է իր գործունեությունը: