14 հունիսի 2010 - 12:56 AMT
Sourcio ընկերության տնօրեն. Հայաստանի բուհերում սովորողների թիվը պետք է երկու անգամ կրճատվի

Ծաղկաձորում տեղի է ունեցել տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների առաջատարների` «առանց փողկապների» հանդիպում, որի ընթացքում ոչ պաշտոնական միջավայրում քննարկվել են ՏՏ ոլորտի խնդիրները: Համաժողովի ընթացքում քննարկվել են կրթության ոլորտի մասնակիցների մոտիվացիայի բարձրացման հարցերը, բուհերի վերականգնումը որպես գիտատեխնիկական կենտրոններ, պրոֆեսիոնալ կրթության և օտար լեզուների հարցեր:

Համաժողովին մասնակցում էին հիմնականում ՏՏ ոլորտի ներկայացուցիչները, ընդ որում կրթության ոլորտի ներկայացուցիչները գրեթե անտեսել էին միջոցառումը:

Քննարկումների ընթացքում Տեղեկատվական տեխնոլոգիաների ընկերությունների միության նախագահ, Sourcio ընկերության տնօրեն Հովհաննես Ավոյանն առաջարկել է բուհերի ֆինանսավորումը թողնել նույն մակարդակի վրա, բայց երկու անգամ կրճատել սովորողների թիվը: «Յուրաքանչյուր ուսանողի համար կատարված ծախսերը պետք է ավելանան, և բուհի բյուջեն չպետք է կախված լինի ուսանողների քանակից, քանի որ այդ դեպքում նրանք ստիպված են լինում դուրս չթողնել ուսանողներին, այլապես կլինի աշխատատեղերի կրճատում` նկատի ունենալով ֆինանսավորման ոչ բավարար լինելը»,- ասել է նա: