16 հունիսի 2010 - 20:09 AMT
Սերգեյ Կապինոս. Սահմանադրությունը պետք է արժեքային կողմնորոշիչ լինի հասարակության համար

Հայաստանի Սահմանադրության վերաբերյալ մեկնաբանությունների հրապարակված ժողովածուն երկրի Սահմանադրությունն աշխատող և հասարակ քաղաքացիներին ավելի հասկանալի փաստաթուղթ է դարձնում: Այդ մասին ՀՀ Սահմանադրության վերաբերյալ գիտագործնական մեկնաբանությունների ժողովածուի շնորհանդեսի ժամանակ հայտնել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Սերգեյ Կապինոսը:

Կապինոսի խոսքով, ցանկացած երկրում Սահմանադրությունը պետք է ոչ միայն «սուրբ գիր», արդարադատություն լինի, այլև բարոյական, արժեքային կողմնորոշիչ, և այդ ուղղությամբ Հայաստանում լուրջ քայլեր են արվում: Նա նկատել է նաև, որ իշխանությունների հանդեպ բնակչության վստահությունը սկսվում է դատական համակարգից, և դրա գործունեության ցանկացած վրիպումներ հասարակայնության բացասական արձագանքն են առաջ բերում: «Այդ իսկ պատճառով էլ ես շատ դրական եմ գնահատում այս ժողովածուն: Ցանկանում եմ նշել, որ օրենքի գերակայությունը ԵԱՀԿ հիմնարար սկզբունքներից մեկն է, որը թույլ է տալիս լուծել ամենաբարդ խնդիրները, այդ թվում` մոդեռնիզացման խնդիրը»,- նկատել է նա:

Կապինոսն ավելացրել է, որ մոդեռնիզացիան շատ առումներով կախված է ոչ միայն կառավարման համակարգի արդյունավետությունից, այլև օտարերկրյա ներդրողների վստահությունից: «Արդյունավետ դատական համակարգը երաշխիք կլինի դեպի Հայաստան օտարերկրյա կապիտալի ներգրավման, ինչը նյութական հիմք կծառայի մոդեռնիզացման համար»,- ընդգծել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավարը: