22 հունիսի 2010 - 17:09 AMT
ՀՄԵԿ-ն պատրաստ է ձեռնամուխ լինել Հայաստանի տարածքային ամբողջականության պահպանման գործին

Հաշվի առնելով վերջին ժամանակներում ղարաբաղյան հակամարտության շփման գծում զինադադարի` Ադրբեջանի կողմից հաճախացած խախտման դեպքերը, Համահայկական միջազգային երիտասարդական կենտրոնը (ՀՄԵԿ), խիստ դատապարտելով հակամարտությունը սադրանքների ճանապարհով առավել բորբոքելու ցանկացած փորձ, հայտարարում է, որ իր անդամների ողջ ներուժով կանգնած է ՀՀ Զինված ուժերի կողքին և, անհրաժեշտության դեպքում, նրանց հետ ձեռնամուխ կլինի Հայաստանի տարածքային ամբողջականության պահպանման գործին:

Երեկ կենտրոնի նախագահ Անդրանիկ Նիկողոսյանն` անդամ տասնյակ հազարավոր երիտասարդների անունից ցավակցական նամակներ է հղել հունիսի 18-ին Չայլու գյուղի մերձակայքում տեղի ունեցած ներխուժման արդյունքում զոհված հայ զինծառայողների ընտանիքներին:

Համահայկական միջազգային երիտասարդական կենտրոնը ստեղծվել է 2008թ. ապրիլին` նպատակ ունենալով միավորել հայ երիտասարդությանն ընդհանուր գաղափարների շուրջ: Լինելով քաղաքականապես անկախ` կենտրոնի գործունեության հիմնական ուղղությունն է երիտասարդների ռազմահայրենասիրական դաստիարակությունը: Մինչ օրս կենտրոնն անց է կացրել մոտ 120 զանազան միջոցառումներ, ասվու է կենտրոնի մամլո հաղորդագրության մեջ: