22 հունիսի 2010 - 17:25 AMT
Տիգրան Սարգսյանը կարևորել է Հայաստանի ու Իրանի միջև տնտեսական համագործակցության խորացումը

Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության գործարարների պատվիրակությանը, որոնք Երևանում են գտնվում կազմակերպված հայ-իրանական գործարար համաժողովի շրջանակներում։

Ինչպես հաղորդում է կառավարության մամլո ծառայությունը, հանդիպմանը ներկա էին Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Ալի Սաղայիան և Հայաստան–Իրան Առևտրաարդյունաբերական Պալատի պատվավոր նախագահ Լևոն Ահարոնյանը։ Բարձր գնահատելով Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև ծավալված քաղաքական համագործակցության մակարդակը` վարչապետը կարևորել է տնտեսական համագործակցության խորացումը և առկա ներուժի լիարժեք օգտագործումը։

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են հունիսի 18-ին Զարգացման հայկական գործակալության հետ համատեղ կազմակերպված գործարար համաժողովի արդյունքներին։ Իրանցի գործարարները տեղեկացրել են, որ համաժողովում քննարկվել են Հայաստանի ներդրումային ու հայ-իրանական առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման հնարավորությունները և հեռանկարները։ Փոխադարձաբար կարևորվել է գործարար համաժողովների պարբերաբար կազմակերպումը` նպատակաուղղված երկու երկրների մասնավոր հատվածների միջև տնտեսական կապերի աշխուժացմանը։