1 հոկտեմբերի 2001 - 19:53 AMT
ԱԼԻԵՒԸ ԵՒ ՇԵՒԱՐԴՆԱՁԵՆ ՍՏՈՐԱԳՐԵԼ ԵՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԵՒ ՎՐԱՍՏԱՆԻ ԲԱՐԵԿԱՄԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՏՈՒԿ ԲՆՈՒՅԹ ՄԱՍԻՆ ՀՌՉԱԿԱԳԻՐ
Վրաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Էդուարդ Շեւարդնաձեն եւ Հեյդար Ալիեւը ստորագրել են Քաղաքական հռչակագիր, որտեղ հայտարարել են երկու երկրների միջեւ բարեկամական հարաբերությունների հատուկ բնույթի մասին: Ինչպես տեղեկացնում է CNA գործակալությունը, անցած հանգստյան օրերին Շեւարդնաձեի Բաքու կատարած պաշտոնական այցի ժամանակ ստորագրված փաստաթղթում, կողմերը պատրաստակամություն են հայտնել համագործակցել անվտանգության հարցերում, որտեղ ընդգրկվում է նաեւ ահաբեկչության դեմ համատեղ պայքարը: Շեւարդնաձեի խոսքերով, այժմ, Ադրբեջանը եւ Վրաստանը, որպես ռազմավարական գործընկերներ տարածքաշրջանում, ավելի մեծ ուշադրություն կհատկացնեն պաշտպանունակության հարցերին: Ըստ նրա, ունենալով մասնագիտորեն պատրաստված բանակ, յուրաքանչյուր երկիր կարող է առանց ուժի դիմելու հաղթել անջատվողականությունը, զինվորական գործոնը բանակցությունների ժամանակ օգտագործելով որպես ճնշման գործիք: Հռչակագրում հատկապես նշվում է էներգետիկական նախագծերի կարեւորագույն դերը տարածքաշրջանում իրավիճակի կայունացման հարցում: Այդ առումով, ընդգծվում է նաեւ շաբաթ օրը ստորագրված միջկառավարական համաձայնագիրը` Կասպից ծովի «Շահ-Դենիզ» հանքավայրից Թուրքիա բնական գազի տեղափոխման մասին: Հանրագումարային մամլո-ասուլիսում Ադրբեջանի եւ Վրաստանի նախագահները հայտնեցին, որ 2004 թվականի երկրորդ կեսին ադրբեջանական գազը, BP ընկերության կողմից ներկայումս նախագծվող «Բաքու-Թբիլիսի-Էրզրում» գազամուղով, կհասնի Թուրքիայի սպառողներին: Արտահանվող գազի սկզբնական ծավալը կկազմի ընդհամենը 2-4 մլրդ. խ/մ մեկ տարում: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: