2 հուլիսի 2010 - 15:53 AMT
Արման Մելիքյան. Թուրքիայի ինտեգրումն իսլամական աշխարհին հղի է շատ վատ հետևանքներով ողջ տարածաշրջանի համար

«Չնայած Հիլարի Քլինթոնի առաջիկա այցելությանը Հայաստան չեմ կարծում, որ հայ-թուրքական հարաբերություններում որևէ առաջընթաց լինի, քանի որ ֆուտբոլային դիվանագիտությունը բարեհաջող վախճանվել է»,-այսօր Երևանում լրագրողներին է ասել ԼՂՀ ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանը: Ըստ նրա, այս գործընթացը լավ դաս եղավ հայկական կողմի համար, քանի որ նա հասկացավ, որ նման գործընթաց սկսելուց առաջ պետք է ունենալ հստակ մշակված ռազմավարություն և ոչ թե իրականացնել իրավիճակային քաղաքականություն:

Արման Մելիքյանի խոսքերով, Թուրքիան հիմա հանդես է գալիս նոր նախաձեռնություններով, որոնցից են ռուս-թուրքական մերձեցումը և Թուրքիայի ակտիվ ինտեգրումը իսլամական աշխարհին: «Վերջինիս վառ ապացույցն է Գազայի հատվածի միջադեպը: Իսլամական աշխարհի հետ ինտեգրումը հղի է շատ վատ հետևանքներով ողջ տարածաշրջանի համար, քանի որ ինչքան խորանում է Թուրիքայի ինտեգրումն այդ աշխարհի հետ, խորանում է քրդական գործոնը, ինչը կարող է հանգեցնել լոկալ պատերազմների»,-ասել է ԼՂՀ ԱԳ նախկին նախարարը: