24 սեպտեմբերի 2001 - 20:17 AMT
ԵՐԵՒԱՆԻ «ԶՎԱՐԹՆՈՑ» ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆԸ 50 ՏԱՐԻ ԺԱՄԿԵՏՈՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ Է ՏՐՎԵԼ ԱՐԳԵՆՏԻՆԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ
Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանը 50 տարի ժամկետով կտրվի «Աէրոպուերտոս Արխենտինա 2000» արգենտինական ընկերությանը կառավարման, որը ղեկավարում է 33 օդակայանների աշխատանքը: Ընկերության խորհրդի նախագահ Էդուարդո Էռնեկյանը եւ Հայաստանի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Երիցյանը ստորագրել են փոխըմբռնման մասին համաձայնագիր, որը նախանշում է «Աէրոպուերտոս Աարխենտինա 2000» ընկերության պարտավորությունները` ներդնել օդանավակայանի զարգացման համար 50 մլն. դոլար: Այս թիվը նախնական է, եւ մինչեւ պայմանագրի ստորագրումը կարող է վերանայվել, քանի որ հայկական կողմը գտնում է, որ 50 միլիոնը բավական չէ 50 տարվա վարձակալության համար:
Շաբաթ օրը Էռնեկյանին ընդունել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որին նա ներկայացրել է իր առաջարկություններն ու ծրագրերը: Արգենտինական ընկերության ղեկավարը նշել է, մասնավորապես, թռիչքավայրէջքային գոտու վերանորոգման անհրաժեշտությունը, օդանավակայանը ժամանակակից սարքավորումներով զինելու եւ անձնակազմի վերապատրաստման անհրաժեշտությունը: Էռնեկյանի կարծիքով, օդանավակայանը ղեկավարելու համար կատարած ներդրումները կօգնեն Հայաստանը զբոսաշրջիկների կենտրոն դարձնելու եւ շահույթով աշխատելու համար: Նա վստահ է, որ «Զվարթնոց» օդակայանը ժամանակի ընթացքում կդառնա օդային հաղորդակցությունների տարածաշրջանային կենտրոն: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: