7 հուլիսի 2010 - 14:50 AMT
Լիբանանի հայ համայնքը զգուշությամբ է հետևում լիբանանա-թուրքական հարաբերությունների ջերմացմանը

Լիբանանահայ համայնքը զգուշությամբ է հետևում լիբանանա-թուրքական հարաբերությունների ջերմացմանը: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Լիբանանի հայ համայնքի ներկայացուցիչ, հասարակական գործիչ Սարգիս Կիրակոսյանը: Ըստ նրա, Անկարայի քաղաքականությունը Գազայի միջադեպի հարցում թույլ տվեց Թուրքիային դրսևորել իրեն որպես իսլամական երկրների իրավունքների պաշտպան: «Այդ ջանքերն անմիջապես անդրադարձան Թուրքիայի ու Լիբանանի միջև քաղաքական ու տնտեսական հարաբերությունների վրա»,-ասել է Սարգիս Կիրակոսյանը:

Անդրադառնալով Լիբանանի հայ համայնքի վիճակին` Կիրակոսյանը հայտարարեց, որ հայերը ակտիվորեն մասնակցում են երկրի հասարակական-քաղաքական կյանքին, ունեն դպրոցներ, վարժարաններ, միություններ, եկեղեցիներ: «Վերջին տարիներին զգալիորեն կրճատվել է հայերի արտահոսքը Լիբանանից: Մենք ակտիվորեն պայքարում ենք խառը ամուսնությունների դեմ` պահպանելու համար մեր ազգային ինքնությունը»,-ասել է համայնքի ներկայացուցիչը:

Գնահատելով Հայաստանի սփյուռքի նախարարության գործունեությունը` Կիրակոսյանը հայտարրել է, որ այդ գերատեսչությունը պետք է համակարգի իր գործողությունները սփյուռքի կազմակերպությունների և ավնդական հայկական կուսակցությունների հետ: