22 հուլիսի 2010 - 12:36 AMT
Կապիտոլիումի բլրում տեղի ունեցավ «Aghet: а Genocide» ֆիլմի ցուցադրությունը

Հուլիսի 21-ին Կապիտոլիումի բլրում տեղի ունեցավ գերմանացի ռեժիսոր Էրիկ Ֆրիդլերի «Aghet: а Genocide» ֆիլմի ցուցադրությունը: Ամերիկացի կոնգրեսականներին ֆիլմը ներկայացրեց Կալիֆորնիայի նահանգից ընտրված Ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆը, որը Հայոց ցեղասպանության մասին 252 բանաձևի համահեղինակն է: Պրեմիերային ներկա էին ֆիլմի հեղինակը, ՀՀ-ում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսը, Screamers ֆիլմի ռեժիսոր Կառլա Կարապետյանը, «Հայոց ցեղասպանության հիշատակին» կենտրնի ղեկավար Վարդգես Եգանյանը և Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը: Այդ մասին PanARMENIAN.Net-ին են հայտնել Ադամ Շիֆի գրասենյակում:

«Պատիվ ունեմ ներկայացնելու իմ գործընկերներին XX դարի առաջին ցեղասպանության մասին պատմող ֆիլմը: Հայոց ցեղասպանության ճանաչման համար պայքարում մեր զենքը ճշմարտությունն է, որն, ի վերջո, հաղթելու է»,-ասել է Շիֆը: Իր հերթին Արամ Համբարյանը նշել է, որ ֆիլմի պրեմիերան Կապիտոլիումում հնարավորություն է տալիս հետազոտել Հայոց ցեղասպանության ժխտման ժամանակակից հետևանքներն ինչպես Թուրքիայում, այնպես էլ ԱՄՆ-ում ու այլ երկրներում, որոնք, ցավոք, դառնում են այդ ուրացման մեղսակիցները: