22 հուլիսի 2010 - 13:34 AMT
Վրաստանի ղեկավարությունը սկսել է Ջավախքի հայաթափման քաղաքականություն վարել

Ջավախքում Վրաստանի ղեկավարությունն իրագործում է հայաթափման նոր քաղաքականություն, որը «սպիտակ ցեղասպանություն է»: Թբիլիսիում արդեն հաստատվել է Ջավախքի հայկական դպրոցների նոր ուստարվա ծրագիրը, որտեղ հայոց լեզվի ու գրականության ժամերը կրճատվել են 2 անգամ: Այդպիսով, հայոց լեզվի դուրս մղման քաղաքականության արդյունքում հայոց լեզվի դասաժամերը խորհրդային շրջանի համեմատ կրճատվել են 5 անգամ, իսկ հետխորհրդային շրջանի համեմատ` 2 անգամ: Այս մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ, «Ջավախք» հայրենակցակա միության նախագահ Շիրակ Թորոսյանը:

Ըստ Թորոսյանի, Վրաստանի իշխանությունների այս քայլի նպատակն է հայոց լեզվի դուրս մղումը Ջավախքից, ինչը ազգային փոքրամասնությունների իրավունքների կոպիտ խախտում է: «Վրաստանի ղեկավարության հակահայկական քաղաքականությունը անցնում է բոլոր սահմանները»,-հայտարարել է պատգամավորը:

Ինչպես նշել է Թորոսյանը, մեկ այլ անընդունելի երևույթ է այն, որ Վրաստանի հատուկ ծառայությունները կազմել են հայոց լեզվի ու պատմության ուսուցիչների ցուցակը, որոնց առանց բացատրությունների զրկում են աշխատանքից: «Նրանց նույնիսկ արգելվում է աշխատել մեկ այլ պաշտոնում Վրաստանում»,-ասել է Թորոսյանը` հավելելով, որ նման գործողություններն ուղղված են ջավախահայության ազգային նկարագրի աղճատմանը: «Այս պահի դրությամբ Ջավախքում այնպիսի հետապնդումների համակարգ է ներդրվել, ինչպիսին չկար նույնիսկ խորհրդային տարիներին` Ստալինի օրոք»,-ասել է նա:

Պատասխանելով PanARMENIAN.Net-ի թղթակցի այն հարցին, թե որն է Հայաստանի դերը Ջավախքում ստեղծված իրավիճակը շտկելու գործում, Շիրակ Թորոսյանը նշել է, որ հայկական կողմը պետք է վրաց իշխանությունների հետ հանդիպումներում արծարծի ջավախահայության խնդիրները: «Այսինք, դարձնի այդ հարցը երկկողմ օրակարգի հիմնական հարցերից մեկը: Ես հուսով եմ, որ Վրաստանի իշխանություններն, ի վերջո, նույնպես կհասկանան, թե ինչ աղետալի հետևանքներ կարող է ունենալ այդ քաղաքականությունը Վրաստանի համար»,-ասել է Թորոսյանը: