«Ամերիաինվեստ» ՓԲԸ-ն վերաձևավորվելու է և դառնալու է ներդրումային ընկերություն, որը վարելու է թոշակային ակտիվները: Այս մասին Երևանում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ ասել է «Ամերիաբանկ» ՓԲԸ գլխավոր տնօրեն, տնօրինության նախագահ Արտակ Հանեսյանը: «Ներկայում ընկերությունը չի զբաղվում ակտիվների վարմամբ, սակայն այն վերաձևավորվելու է և զբաղվելու է կենսաթոշակային և այլ հիմնադրամներով», - ասել է նա:
Բանկիրը հիշեցրել է, որ դեռևս անցյալ տարի «Ամերիաբանկը» կենսաթոշակային հիմնադրամներին առնչվող նախագիծ էր մշակել, որն այսօր փորձարկվում է: «Ես համոզված եմ, որ երբ սկսի աշխատել կամավոր կուտակային կենսաթոշակային համակարգը, դա կհանգեցնի այն բանին, որ մենք պատրաստ կլինենք աջակցել կենսաթոշակային հիմնադրամների սպասարկմանը», ավելացրել է գլխավոր տնօրենը: