29 հուլիսի 2010 - 20:21 AMT
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Կարինե Ղազինյանն ընդունեց Շվեյցարիայի դեսպան Լորենցո Ամբերգին

Հուլիսի 29-ին Հայաստանում դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ ԱԳ նախարարի տեղակալ Կարինե Ղազինյանն ընդունեց Շվեյցարիայի Համադաշնության դեսպան Լորենցո Ամբերգին:

Դրական գնահատական տալով հայ-շվեյցարական բարեկամական հարաբերությունների զարգացմանն ուղղված դեսպանի պաշտոնում Լորենցո Ամբերգի իրականացրած աշխատանքներին` փոխնախարար Կարինե Ղազինյանը գոհունակություն հայտնեց Հայաստանի և Շվեյցարիայի միջև հարաբերությունների ներկայիս զարգացման և երկկողմ քաղաքական երկխոսության կայուն համակարգի ձևավորման առնչությամբ:

Տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության հարաճուն զարգացման տեսանկյունից կողմերը արժեվորեցին Հայաստանի և Շվեյցարիայի միջև ընդլայնվող իրավապայմանագրային դաշտի առկայությունը` պայմանավորված անցյալ տարի երկու կարևոր միջկառավարական փաստաթղթերի` օդային հաղորդակցությունների և դիվանագիտական անձնագրեր ունեցող անձանց համար մուտքի արտոնագրի պահանջը վերացնելու մասին համաձայնագրերի ստորագրմամբ: Երկուստեք ողջունվեց նաև 2009թ. սեպտեմբերից Հայաստանում գործող Շվեյցարիայի դեսպանության գրասենյակի գործունեությունը` որպես խթան առկա բարեկամական կապերն ամրապնդելու համար:

Անդրադարձ կատարվեց նաև առևտրատնտեսական համագործակցության ակտիվացման անհրաժեշտությանը, Հայաստանի սոցիալ-տնտեսական բարեփոխումներին ուղղված Զարգացման և համագործակցության շվեյցարական գործակալության (SDC) աջակցության ծրագրերին, ինչպես նաև կրթության, մշակույթի ոլորտներում գործակցության խթանմանն ուղղված քայլերին:

Փոխնախարար Ղազինյանը և դեսպան Ամբերգը մտքեր փոխանակեցին նաև տարածաշրջանային հարցերի շուրջ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: