17 օգոստոսի 2010 - 10:44 AMT
Սեմ Բրաունբեկը պարզաբանել է իր դիրքորոշումը Թուրքիայում ԱՄՆ դեսպանի թեկնածության վերաբերյալ

ԱՄՆ Սենատի արտաքին գործերի հանձնաժողովի անդամ Քանզասից սենատոր Սեմ Բրաունբեկը նամակ է ուղղել ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնին Ֆրենք Ռիկարդոնեին Թուրքիայում ԱՄՆ դեսպանի թեկնածության վրա արգելք դնելու վերաբերյալ բացատրություններով: Սենատորի կարծիքով, Ռիկարդոնեն այն դիվանագետը չէ, որը հիմա պետք է Թուրքիայում ԱՄՆ-ին` չնայած նրա հարուստ դիվանագիտական փորձին:

«Իմ անհանգստությունն Իրաքում և Եգիպտոսում Ռիկարդոնեի առաքելության առիթով նույնանման անհանգստության է հանգեցնում Թուրքիայի նկատմամբ: Թուրքիայում իշխող Արդարություն և զարգացում կուսակցությունը հեռանում է աշխարհիկ պետությունից և կարևոր է չանտեսել երկրում քաղաքական ընդդիմությանը»,- նշել է սենատորը:

Նա նաև անհանգստություն է արտահայտել այն առիթով, որ ԱՄՆ-ն լիովին չի պատկերացնում Իրանի նկատմամբ թուրքական քաղաքականության փոփոխության և Իսրայելից հեռանալու հետևանքները: