18 օգոստոսի 2010 - 10:15 AMT
Կոնգրեսական Փիթեր Քինգը խոստացել է պաշտպանել Հայոց ցեղասպանության մասին 252 բանաձևը

Կոնգրեսական Փիթեր Քինգը խոստացել է պաշտպանել Հայոց ցեղասպանության մասին 252 բանաձևն Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի Արևելյան բյուրոյի (ANCA-ER) ժողովի ընթացքում: «Մենք շատ ուրախ ենք, որ կոնգրեսականը պաշտպանում է 252 բանաձևը և հուսով ենք, որ այն կընդունվի ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից»,- հայտարարել է ANCA-ER գործադիր տնօրեն Կարո Մանջիկյանը:

Ժողովը տեղի է ունեցել կոնգրեսականի նախընտրական քարոզարշավի շրջանակներում: Քինգը հանդես է եկել նաև Հայաստանին և Լեռնային Ղարաբաղին տրամադրվող օգնության մեծացման և Արցախի անվտանգության ապահովման օգտին:

«Մենք գնահատում ենք կոնգրեսականի աջակցությունը և կարծում ենք, որ նա սրտին մոտ է ընդունում ոչ միայն հայերի,այլ նաև ողջ ամերիկյան ժողովրդի խնդիրները և հավատում ենք, որ արդարությունը կհաղթի»,- ասել է ANCA-ER անդամ Սևան Աղնասյանը, գրում է Armenian Weekly-ն: