23 օգոստոսի 2010 - 17:13 AMT
Վլադիմիր Զախարով. Ռազմական ճանապարհով ղարաբաղյան հակամարտությունը լուծելու դեպքում Ռուսաստանը չի կարող «նստած» դիրքով մնալ

Ռազմական ճանապարհով ղարաբաղյան հակամարտությունը լուծելու դեպքում Ռուսաստանը չի կարող «նստած» դիրքով մնալ: Այդ մասին Երևան-Մոսկվա հեռուստակամուրջի ժամանակ հայտնել է Սևծովյան-Կասպիական տարածաշրջանի Քաղաքական և սոցիալական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Զախարովը: Նրա խոսքով, դա պարզապես անհնար է: «Հենց Ռուսաստանն է սկսել գործընթացը Մայնդորֆյան հռչակագրով, հենց Ռուսաստանի նախագահն է հավաքել Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներին, և նրանք ստորագրել են ղարաբաղյան հակամարտության խաղաղ լուծման մասին փաստաթուղթը»,- նշել է Զախարովը:

Կովկասի Ինստիտուտի քաղաքական հետազոտությունների բաժնի ղեկավար Սերգեյ Մինասյանն իր հերթին ասել է, որ Ռուսաստանը ռազմական գործողությունների չվերսկսվելու երաշխավորն է և ապահովում է ռազմական հավասարակշռությունը հակամարտության գոտում: Նրա խոսքով, Ռուսաստանը փորձում է խաղաղություն պահպանել տարածաշրջանում:

Անդրադառնալով կարծիքին այն մասին, որ հայ-ռուսական պայմանագրերը ստորագրվել են ի պատասխան թուրք-ադրբեջանական համաձայնագրերին, հայ փորձագետն ասել է, որ համաձայն չէ այդ մտքի հետ, քանի որ Հայաստանի ու Ռուսաստանի միջև պայմանագրերը ստորագրման են նախապատրաստվել դեռևս նախքան Թուրքիայի ու Ադրբեջանի միջև որևէ համաձայնությունների ձեռքբերումը: