Թուրքիան եթե համաձայնություն չտա նատոյական պահակախմբին իր սահմանով Հայաստան մտնելու, ապա ՆԱՏՕ-ի զորավարժությունները, որ նախատեսված է անցկացնել սեպտեմբերի 11-17-ին, կարգելվեն: Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ Եվրասիայի երկրների բաժնի ղեկավար Մեհմեդ Ֆետիհ Ջեյլանը:
«Թուրքիան տեսականորեն կարող է թույլ չտալ և սահմանը չբացել` անհրաժեշտ սարքավորումները տեղ հասցնելու համար: Սակայն դրանք արտակարգ իրավիճակներին ուղղված զորավարժություններ են, որոնք նախապատրաստում են տարերային աղետների դեմ պայքարին: Այն ռազմական բնույթ չի կրելու», - ասել է նա:
Ջեյլանի խոսքերի համաձայն, եթե ՆԱՏՕ-ն Թուրքիայի սահմանով զորավարժությունների համար Հայաստան տեղափոխեր ռազմատեխնիկական սարքավորումներ, ապա Անկարան իր համաձայնությունը չէր տա: «Այնպիսի սցենար է, կարծես, Հայաստանում երկրաշարժ է, իսկ ՆԱՏՕ-ի ուժերը գնում են անհրաժեշտ օգնությունը ցույց տալու», - բացատրել է Ջեյլանն, ավելացնելով, որ այդպիսի զորավարժություններ անցկացնելու համար Թուրքիան` որպես միության անդամ, չի կարող չթույլատրել իր սահմանով նատոյական պահակախմբի անցումը: Սակայն այս քայլը չի նշանակում, որ Թուրքիան պաշտոնապես կբացի Հայաստանի հետ իր սահմանը, ասել է դիվանագետը: Այս մասին հաղորդում է Trend News գործակալությունը:
Հայ-թուրքական սահմանը Թուրքիան փակել է 1995 թ. ղարաբաղյան հակամարտության պատճառով` այդ պայքարում պաշտպանելով Ադրբեջանին: