Ս.թ. օգոստոսի 23-ին Քուվեյթում Հայաստանի դեսպան Ֆադեյ Չարչօղլյանը հանդիպել է Քուվեյթի Պետության Ազգային ժողովի նախագահ Մուհամմադ Ջասեմ ալ-Խուրաֆիի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-քուվեյթյան միջխորհրդարանական հարաբերությունների զարգացման հնարավորությունները: Քուվեյթի Ազգային ժողովի նախագահը հայտնել է, որ խորհրդարանում սկսվել են հայ-քուվեյթյան միջխորհրդարանական բարեկամության խմբի ձևավորման աշխատանքները:
Երկուստեք ընդգծվել է խորհրդարանական պատվիրակությունների փոխայցելությունների ակտիվացման, բարեկամության խմբերի միջև կապերի ամրապնդման, ինչպես նաև Հայաստանի և Քուվեյթի օրենսդիր մարմինների միջև իրավապայմանագրային դաշտի ընդլայնման կողմերի պատրաստակամությունը: Զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանային վերջին զարգացումներին:
Հանդիպման ավարտին դեսպան Չարչօղլյանը Մուհամմադ Ջասեմ ալ-Խուրաֆիին է հանձնել ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի Հայաստան այցելության հրավերը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: