1 սեպտեմբերի 2010 - 15:06 AMT
ՀՀ Ազգային ժողովի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Գիտելիքի, գրի և դպրության օրվա առթիվ

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը շնորհավորական ուղերձ է հղել Գիտելիքի, գրի և դպրության օրվա կապակցությամբ: Ուղերձում, մասնավորապես, ասվում է.

«Սիրելի հայրենակիցներ` աշակերտներ և ուսանողներ, ուսուցիչներ ու դասախոսներ, կրթության ոլորտի աշխատողներ, շնորհավորում եմ ձեզ սեպտեմբերի 1-ի` Գիտելիքի, գրի և դպրության օրվա կապակցությամբ:

Գիտելիքը մեր երկրի ամենաարժեքավոր հարստություններից է և յուրաքանչյուրիս պարտքն է պահպանել այն, ըստ արժանվույն գնահատել և օգտագործել ի շահ հայրենիքի: Գիտակից և կիրթ սերունդը երկրի առաջընթացի գրավականն է: Այս օրը նշանակալից է հատկապես առաջին դասարանցիների և առաջին կուրսեցիների համար, քանի որ սեպտեմբերի 1-ը նշանավորում է նրանց կյանքի նոր փուլի սկիզբը:

Կրկին շնորհավորելով այս տոնական օրվա առթիվ` բոլորին մաղթում եմ բեղմնավոր ուսումնական տարի: Ցանկանում եմ, որ աշակերտները ուսումնառության մեջ փութեռանդ լինեն, իսկ ուսուցիչները ուսուցման և սերնդի հայեցի դաստիարակության հայրենանվեր գործում` նվիրյալներ», - ասել է ՀՀ խորհրդարանի խոսնակը, հաղորդում է ՀՀ Ազգային ժողովի մամլո ծառայությունը: