1 սեպտեմբերի 2010 - 21:33 AMT
ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը շնորհավորական ուղերձ է հղել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրվա կապակցությամբ

ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը շնորհավորական ուղերձ է հղել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրվա կապակցությամբ, որում մասնավորապես ասվում է.

«Արցախի պատմության մեջ, որպես շրջադարձային ու կարևորագույն փաստ, առանձնանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման մասին Հռչակագրի ընդունումը ժողովրդական պատգամավորների ԼՂԻՄ մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների` բոլոր կարգի պատգամավորների մասնակցությամբ տեղի ունեցած համատեղ նստաշրջանում:

Սեպտեմբերի 2-ին լրանում է այդ նշանակալի իրադարձության 19-ամյակը, և Արցախի ժողովուրդը, ինչպես որ համայն հայությունը, օրինական հպարտությամբ հերթական անգամ այդ օրը նշում է որպես համազգային տոն:

Ըստ էության քաղաքակիրթ էր մեր` արցախահայության, որդեգրած դիրքորոշումը: Հռչակագրի ընդունմամբ մենք մեկ անգամ ևս հավաստեցինք մեր հավատարմությունը ժողովրդավարության համընդունելի արժեքներին ու մեր պատրաստակամությունը` անշեղ իրագործելու ազգերի ինքնորոշման սկզբունքի հիման վրա նորանկախ պետությունների ձևավորման և ինքնիշխան պետականության կառուցման միջազգայնորեն ամրագրված իրավական նորմերը:

Անշուշտ, անասելի ծանր ու դժվարին էր ազատության և անկախ պետականաշինության մեր անցած ուղին` հագեցած մարդկային ու նյութական կորուստներով, ամենատարբեր խոչընդոտներով: Դեռևս քիչ չեն նաև լուծման սպասող մեր խնդիրները:

Բայց, այնուամենայնիվ, մենք ի զորու եղանք և ի զորու ենք հաղթահարելու այդ ամենը` մեր համախումբ ջանքերով, Մայր հայրենիքի` Հայաստանի Հանրապետության, սփյուռքի մեր հայրենակիցների շարունակական աջակցությամբ, ապահովելով սահմանադրորեն երաշխավորված ազատ ու ինքնաբավ կյանք` կայացած ազգային պետականության հովանու ներքո:

Շնորհավոր տոնը, սիրելի հայրենակիցներ:

Խաղաղություն ու բարօրություն բոլորիս, մեր հայրենիքին», հաղորդում է ԼՂՀ ԱԺ մամլո ծառայությունը: