8 սեպտեմբերի 2010 - 19:11 AMT
Վրաստանի ԱԳՆ-ն չի մեկնաբանում Նալբանդյան-Վաշաձե հեռախոսազրույցի արդյունքները

Վրաստանի արտգործնախարարությունում առայժմ ոչ մի կերպ չեն մեկնաբանում Հայաստանի և Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ Էդվարդ Նալբանդյանի և Գրիգոլ Վաշաձեի հեռախոսազրույցի արդյունքները: Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցին հաղորդեցին Վրաստանի ԱԳՆ մամլո ծառայությունից, նախարարությունն առայժմ չի ժխտում, բայց և չի հաստատում տեղեկատվությունն այն մասին, որ ադրբեջանական ԶԼՄ կողմից տարածված տեղեկատվության հետ կապված պաշտոնական հայտարարություն է պատրաստվում:

Նախօրեին ադրբեջանական ԶԼՄ-ները տեղեկատվություն էին տարածել այն մասին, որ Վրաստանի ԱԳ նախարար Գրիգոլ Վաշաձեն նպատակահարմար չի համարում Հայաստանում ռուսական ռազմակայանի տեղակայման ժամկետի երկարացումը: «Այդ ռազմակայանը ոչ մեկին կայունության, անվտանգության և համագործակցության հնարավորություն չի տալիս: Միևնույն ժամանակ այդ ռազմակայանը նաև չի ստեղծում բարենպաստ պայմաններ Հարավային Կովկասում առկա խնդիրների քաղաքակիրթ և խաղաղ ճանապարհով լուծման համար»,- Վաշաձեի խոսքն էին մեջբերել ադրբեջանական լրատվամիջոցները:

Որոշ հայկական ԶԼՄ-ներ այսօր հաղորդեցին, որ, իբր, Վրաստանի ԱԳՆ-ն պաշտոնական հայտարարություն է պատրաստում Գրիգոլ Վաշաձեի խոսքերի վերաբերյալ: