8 սեպտեմբերի 2010 - 19:24 AMT
Վալդիս Պելշն Ադրբեջանի «սև ցուցակում» է, և նրան արգելված է մուտք գործել այդ երկիր

Արցախում «Կարոտ» փառատոնի շրջանակներում կայացած համերգին ռուս հայտնի հաղորդավար Վալդիս Պելշի մասնակցությունից հետո ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկատվություն տարածեցին այն մասին, որ Ադրբեջանի արտգործնախարարության մամլո քարտուղար Էլհան Պոլուխովը հայտարարել է շոումենին «սև ցուցակում» ներգրավելու և երկիր նրա մուտքն արգելելու մասին: Այդ մասին սեպտեմբերի 8-ին կայացած մամլո ասուլիսում հաղորդել է «Կարոտ» միջազգային փառատոնի նախագահ Մեցցո Իգիթյանը:

Իգիթյանը նշել է նաև, որ իրենք Արցախում ադրբեջանցիների կողմից հայկական գյուղի գնդակոծման վկան են դարձել: «Երեկ մենք Արցախ մեկնեցինք, որպեսզի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի իրավասությանը հանձնենք Մովսես գյուղի` 1938 թվականին ավերված եկեղեցին, որը վերականգնվել է այդ գյուղի բնակիչ Վազգեն Հովհաննիսյանի միջոցներով: Այդ ժամանակ մենք կրակոցներ լսեցինք ադրբեջանական դիրքերի կողմից և հասկացանք, որ գյուղը գնդակոծում են: Տեղի բնակիչները հաղորդեցին, որ ադրբեջանցիներն այդ գյուղը գնդակոծել են նաև նախորդ օրը»,- ընդգծել է Մեցցո Իգիթյանը:

«Կարոտ» փառատոնն առաջին անգամ անցնում էր Հայաստանում և Արցախում: Փառատոնի բացումը կայացավ սեպտեմբերի 2-ին և նվիրված էր Արցախի Հանրապետության Անկախության օրվան:

Նույն օրը Ստեփանակերտում կանգնեցվեց ճարտարապետ Գրիգորի Պոտոցկու հեղինակած «Բարություն» խորագրով հուշարձանը: Ստեփանակերտը 10-րդ մայրաքաղաքն է, որտեղ կանգնեցվեց այդ հուշարձանը: