9 սեպտեմբերի 2010 - 14:36 AMT
Հայաստան. Տեղեկատվական տեխնոլոգիաների առաջնության մասին հայտարարություններից պետք է անցնել ՏՏ իրական զարգացմանը

Երևանի դպրոցներում տեղադրվել են 80 էլեկտրոնային ինտերակտիվ գրատախտակներ: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասել է Հայաստանում Polycom ընկերության ներկայացուցիչն «Ֆիրմա Ալֆա» ընկերության տնօրեն Ռուբեն Եսայանը:

Նրա խոսքերով, ինտերակտիվ գրատախտակներով հագեցած են Հայաստանի գրեթե բոլոր բուհերը և դպրոցները: Միաժամանակ, նա նշեց, որ այդ ոլորտում կառավարությունն աջակցություն չի ցուցաբերում: SMART Technologies-ի արտադրության ինտերակտիվ գրատախտակի միջին արժեքը 1 800 դոլար է առանց ԱԱՀ-ի:

«Smart ընկերության հետ մենք ակցիաներ ենք առաջարկել. ձեռք բերել 2 գրատախտակ մեկի գնով, տարաժամկետ վճարում և այլն: Անհրաժեշտ է տեղեկատվական տեխնոլոգիաներն առաջնային հռչակելու հայտարարություններից անցնել ՏՏ ոլորտի իրական զարգացմանը»,- կարծում է Ռուբեն Եսայանը: