Սեպտեմբերի 14-ին ԵՊՀ գիտխորհրդի դահլիճում կանցկացվի ԵՊՀ Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի «Եվրոպական ուսումնասիրություններ» միջմասնագիտական մագիստրոսական ծրագրի առաջին շրջանավարտների դիպլոմների հանձնման պաշտոնական արարողությունը:
Միջոցառմանն իր անմիջական մասնակցությունը կունենա Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցչությունը Հայաստանում: Պաշտոնական արարողությանը ներկա կլինեն նաեւ ՀՀ-ում գործող դեսպանատների, միջազգային եւ հասարակական կազմակերպությունների, պետական մարմինների ներկայացուցիչներ:
«Եվրոպական ուսումնասիրություններ» միջմասնագիտական մագիստրոսական ծրագիրն իրականացվում է 2008 թվականից` Հայաստանում ԵՄ Պատվիրակության աջակցությամբ: Ծրագիրը մշակվել է ԵՄ անհատ փորձագետների եւ ԵՄ անդամ պետություններում գործող հեղինակավոր գիտակրթական հաստատությունների հետ համագործակցության արդյունքում եւ համապատասխանում է ԵՄ կողմից ներկայացվող պահանջներին եւ չափանիշներին: