13 սեպտեմբերի 2010 - 14:05 AMT
Թուրքմենստանն ուսումնասիրում է Հայաստան, Ղազախստան և Պակիստան էլեկտրաէներգիա արտահանելու հնարավորությունը

Թուրքմենստանն ուսումնասիրում է Հայաստան, Ղազախստան և Պակիստան էլեկտրաէներգիա արտահանելու հնարավորությունը: Այդ մասին ասվում է թուրքմեն էներգետիկներին ուղղված Թուրքմենստանի նախագահ Գուրբանղուլի Բերդիմուհամեդովի պաշտոնական ուղերձում, որը տեղակայված է երկրի ղեկավարի պաշտոնական կայքում:

«Այսօր էներգապաշարների սպառումն աճում է ողջ աշխարհում: Դրա հետ կապված` արատասահմանյան երկրները ակտիվացնում են կառուցողական համագործակցությունը մեր երկրի էլեկտրաէներգիայի ոլորտում»,- ասել է նա:

Նրա խոսքերով, ներկա դրությամբ Թուրքմենստանը սիստեմատիկորեն մեծացնում է էլեկտրաէներգիայի մատակարարումն Իրան, Աֆղանստան և Թուրքիա: «Բացի դրանից, մենք ուսումնասիրում ենք էլեկտրաէներգիա մատակարարելու հնարավորությունը Ղազախստան և Հայաստան, ինչպես նաև Աֆղանստանի տարածքով Պակիստան` որպես մեր պետության համար տնտեսապես առավել շահավետ արտահանման ուղղություններ»,- նշել է նա:

Նախագահը մեծ ապագա է տեսնում երկրի կլիմայական պայմաններում արևի և քամու էներգիան օգտագործելու նախագծերը կյանքի կոչելու մեջ, ասվում է նախագահի ուղերձում: