16 սեպտեմբերի 2010 - 17:20 AMT
Հայաստանի գրադարանների ու թանգարանների աշխատակիցները չափազանց մտահոգված են էլեկտրոնային ռեսուրսների պաշտպանության խնդրով

Էլեկտրոնային ռեսուրսների պաշտպանության հարցերը Երևանում կլոր սեղանի շուրջ քննարկեցին գրադարանների, թանգարանների, ազգային արխիվի, հրատարակչությունների ու զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչները: Միջոցառումը կազմակերպվել է Նորարարության ու ձեռնարկատիրության ազգային կենտրոնի կողմից` Հայաստանի Հրատարակողների ազգային ընկերակցության հետ համատեղ: Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել այնպիսի թեմաների, ինչպիսին է էլեկտրոնային ոլորտում հեղինակային իրավունքների պաշտպանությունը, էլեկտրոնային կրիչների վրա տեղեկատվության պահպանման պայմանները, գրադարանների ու թանգարանների տվյալների բազա կազմելու խնդիրները և այլն: Հայաստանի Ազգային գրադարանի տնօրենի տեղակալ Ռաֆիկ Ղազարյանի կարծիքով, Հայաստանի գրքային ժառանգությունն արդեն 20 տարի շարունակ սպառնալիքի տակ է գտնվում:

«Ինչպես էլեկտրոնային, այնպես էլ թղթե ինֆորմացիայի պահպանությունը հսկայական ռեսուրսներ է պահանջում: Այսօր կառավարությունում քննարկվում են ծրագրեր, որոնք, նախ և առաջ, ուղղված են շենքերի վերանորորգմանը, որպեսզի ջերմաստիճանի ու խոնավության անհրաժեշտ մակարդակ ապահովվի ինֆորմացիայի պահպանության համար»,- PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասել է Ռաֆիկ Ղազարյանը: