Ռուսաստանի ջավախահայությունը վրդովված է ՌԴ ԴԽ Պետդումայի սահմանադրական օրենսդրության ու պետական շինարարության կոմիտեի նախագահի տեղակալ, ՌԴ Կոմունիստական կուսակցության անդամ Վիկտոր Իլյուխինի հակահայկական հայտարարություններով, որոնք նա արել է ադրբեջանական ԶԼՄ-ներում:
«Կոպիտ սխալ կլիներ անպատասխան թողնել Վիկտոր Իլյուխինի ցինիկ, ստահոդ հայտարարությունները ղարաբաղյան հակամարտության պատմության, սումգաիթյան ջարդի վերաբերյալ, որն, ըստ նրա, «հրահրել են հայերը»: Հավանաբար դրանք բոլորովին էլ անշահախնդիր «ծառայություններ» չեն, որի գինը գիտի միայն պաշտոնական Բաքուն, որը սովոր է վճարել իր լոբբիստներին «Ադրբեջանի մասին բարենպաստ կարծիքի համար»,-ասվում է ՌԴ ջավախահայության հայտարարության մեջ: Ջավախահայերը կոչ են անում Պետդումայի բոլոր պատգամավորներին ուշադրություն դարձնել այս հայտարարության վրա և համապատասխան միջոցներ ձեռնարկել:
«Միևնույն ժամանակ, մենք հայտարարում ենք, որ եթե համապատասխան միջոցներ չձեռնարկվեն, ՌԴ-ի ջավախահայերի համայնքը կոչ կանի ՌԴ քաղաքացի բոլոր հայերին առաջիկա ընտրություններում քվեարկել ՌԴ Կոմունիստական կուսակցության դեմ առաջիկա և հաջորդ խորհրդարանական ընտրություններում»,-ասվում է հայտարարության մեջ: