27 սեպտեմբերի 2010 - 13:15 AMT
Այսուհետ Հայաստանի խոշոր ձեռնարկությունները կարող են լուծարվել միայն հակամենաշնորհային մարմնի թույլտվությամբ

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) շարունակում է օրենսդրական փոփոխությունների քննարկումները շահագրգիռ կողմերի հետ: Գործարարների հետ հանդիպմանը հաջորդել է նաև սպառողների շահերի պաշտպանությամբ զբաղվող ՀԿ-ների և իրավաբանական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ քննարկումը: Հանդիպման ընթացքում Հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը ներկայացրեց օրենքում կատարված փոփոխությունների հիմնական ուղղությունները` նշելով, որ դրանք կատարվել են հաշվի առնելով միջազգային և հանձնաժողովի աշխատանքային փորձը:

«Նախ և առաջ նախատեսված է պատժամիջոցների խստացում` հատկապես անբարեխիղճ մրցակցության դրսևորումների համար: Բայց միաժամանակ նախատեսվում է նաև տարբերակված մոտեցում, քանի որ պատժամիջոցների վերին շեմը բարձրացնելուն զուգահեռ, ստորին շեմը իջեցվել է: Տուգանքի չափի ընտրության հարցում հաշվի են առնվելու ոչ միայն տնտեսվարող սուբյեկտի ազդեցության չափը շուկայի վրա, այլև խախտման կրկնության և այլ հանգամանքներ»,- ասաց Արտակ Շաբոյանը:

Հանձնաժողովի նախագահի խոսքով նախատեսվում է նաև Հանձնաժողովի ստուգումների իրավասության ընդլայնում և վերահսկողական կարողությունների ուժեղացում, այնպիսի մեխանիզմների ընդունում, որոնք հնարավորություն կտան հզորացնել վարույթների, ուսումնասիրությունների շրջանակում ապացուցողական բազան և ուղղված կլինեն լրացուցիչ փաստերի, ապացույցների ձեռք բերմանը: Փոփոխությունները միտված են նաև վերացնել օրենսդրության մեջ առկա անհստակությունները, տարընթերցումները, տարաբնույթ մեկնաբանությունները, քանի որ ինչպես նշեց Արտակ Շաբոյանը, ներկա օրենսդրության բացերից օգտվելով «գերիշխող դիրք գրավող տնտեսվարող սուբյեկտը կարող է խախտում կատարել, վնաս հասցնել տնտեսությանը և սպառողին, լուծարել ընկերությունը և մնալ անպատիժ»: Նոր օրինագիծը նախատեսում է, որ խոշոր ընկերությունների լուծարման գործընթացը պետք է տեղի ունենա Հանձնաժողովի թույլտվությամբ, հաղորդում է ՏՄՊՊՀ մամլո ծառայությունը: