30 սեպտեմբերի 2010 - 14:02 AMT
2011թ. Ստեփանակերտում կբացվի Instigate ուսումնական կենտրոնը

Արցախում 2011 թվականին կբացվի Instigate ուսումնական կենտրոնը: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Instigate Design ընկերության տնօրեն Արման Պողոսյանը: Ըստ նրա, ընկերությունը Ստեփանակերտում կենտրոն բացելու հայտով դիմել է Արցախի տնտեսական զարգացման նախարարություն և պատասխանի է սպասում:

«Շուտով մենք կսկսենք հարցազրույցները դասընթացների ապագա մասնակիցների հետ, որոշելու համար բարդության մակարդակն ու դասընթացի տևողությունը»,-ասել է Արման Պողոսյանը: Ընկերությունը մտադիր է ուսումնական կենտրոն բացել նաև Վանաձորում: Պարապմունքները հիմնականում օն-լայն են անցկացվելու:

Instigate Design-ը 2005թ. ի վեր կրթական ծրագրեր է կազմակերպում տեխնիկական բուհերի ուսանողների համար: Այդ ընթացքում Instigate-ը շուրջ 200 շրջանավարտ է տվել, որոնց 70 տոկոսը աշխատում է տարբեր ընկերություններում: