1 հոկտեմբերի 2010 - 18:41 AMT
ԼՂՀ խորհրդարանի խոսնակի այցը ԱՄՆ թերարժեքության բարդույթ է առաջացրել Ադրբեջանի մոտ

Ադրբեջանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ադամ Սթերլինգը սեպտեմբերի 24-ին շտապ կանչվել էր Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն, հաղորդում է 1news.az-ը:

Նման «շտապողականության» պատճառ էր դարձել տեղեկատվությունն այն մասին, որ Լեռնային Ղարաբաղի խորհրդարանի խոսնակ Աշոտ Ղուլյանը հանդիպել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Հովարդ Բերմանի հետ: Ադրբեջանի ԱԳՆ մամլո քարտուղար Էլհան Պոլուխովը նշել է, որ Ադրբեջանի ԱԳՆ կանչված Ադամ Սթերլինգին ադրբեջանական կողմի բողոքի նոտա է հանձնվել` կապված ԱՄՆ ուղևորվելու` Արցախի իշխանությունների ծրագրերի հետ: «Ադրբեջանական կողմն ամենասկզբունքային և կոշտ ձևով է արձագանքելու այդ տեսակ գործունեությանը և անթույլատրելի է համարում նման այցերի կազմակերպումը, հատկապես հաշվի առնելով այն փաստը, որ ԱՄՆ-ն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից մեկն է»,- ասել է Պոլուխովը: