4 հոկտեմբերի 2010 - 16:38 AMT
Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի տնօրենին ՀՀ ԳԱԱ ոսկե մեդալ կշնորհվի

«Հայաստանում գիտության զարգացմանն աջակցելու գործում ունեցած ավանդի համար» Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի գործադիր տնօրեն Ադրիաան Վան դեր Մեերը կպարգևատրվի ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի ոսկե մեդալով: Ինչպես PanARMENIAN.Net-ին հաղորդել են ՀՀ ԳԱԱ տեղեկատվա-վերլուծական կենտրոնից, մեդալի հանձնման հանդիսավոր արարողությունը տեղի կոնենա հոկտեմբերի 5-ին: Միջոցառմանը կմասնակցեն ՀՀ ԳԱԱ ղեկավարությունը, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, Գիտության պետական կոմիտեի ղեկավար Սամվել Հարությունյանը, Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի կողմից ֆինանսավորվող գիտական նախագծերի ղեկավարներ, գիտական հասարակայնության ներկայացուցիչներ:

Միջազգային գիտատեխնիկական կենտրոնը (ՄԳՏԿ) միջկառավարական կազմակերպություն է, որը հիմնադրել են Եվրամիությունը, Ճապոնիան, Ռուսաստանի Դաշնությունը և ԱՄՆ-ն: Ներկայումս Միջազգային գիտատեխնիկական կենտրոնը ֆինանսավորվում է Նորվեգիայի, Կորեայի Հանրապետության և Կանադայի կողմից: Հայաստանը Միջազգային գիտատեխնիկական կենտրոնին միացավ 1994թ.: Հայաստանում իր գործունեության 15 տարիների ընթացքում Միջազգային գիտատեխնիկական կենտրոնը ֆինանսավորել է 38,6 միլիոն դրամի 162 նախագիծ, այդ թվում` 53 նախագիծ ՀՀ ԳԱԱ-ից: