5 հոկտեմբերի 2010 - 17:36 AMT
Ըստ նախնական պայմանավորվածության, Հարրի Բարդինը իր 70-ամյակը կնշի Երևանում

«Ձեր ավանդը հայ մշակույթի ոլորտում հսկայական է, ընդ որում ոչ միայն կինոյում ու անիմացիայում: Ես ցնցված էի թատերական նկարիչների ձեր ցուցահանդեսով: Դուք վերածնում եք գրեթե մոռացված արվեստն ու փոխանցում եք այն երիտասարդներին»,-ասել է ՀՀ մշակույթի նախարարության ժամանակակից արվեստի բաժնի վարիչ Սոնա Հարությունյանը՝ նախարարության ոսկե մեդալրը հանձնելով ՀՀ ժողովրդական նկարիչ, բեմադրիչ ռեժիսոր, անիմատոր Ստեփան Անդրանիկյանին:

ReAnimania միջազգային անիմացիոն փառատոնի ամփոփիչ մամլո ասուլիսում հարպարակվեց «Լավագույն դեբյուտ» անվանակարգում փառատոնի հաղթողի անունը: Դա երիտասարդ անիմատոր Մերի Կյուրեղյանն է, որն արժանացավ այդ պարգևին «Արևն ու խավարասերը» ֆիլմի համար: «Մերին դրամական պարգև չի ստանա, սակայն ՀՀ ազգային կինոկենտրոնի, փառատոնի ղեկավարության և մշակույթի նախարարության համատեղ ֆինանսավորմամբ նա ֆիլմ կնկարահանի, որը, հուսով եմ, մենք կտեսնենք արդեն 2011թ.»,-նշել է փառատոնի նախագահ Վրեժ Քասունին: Փառատոնի ղեկավարները հայտարարել են նաև, որ «Տաղանդների որս» անվանակարգում հաղթել են Դավիթ Աշոտյանը. Զաքար Դեմիրճյանը ու Լիլիթ Շահմուրադյանը, որոնք 9-ամսյա դասընթացների կմասնակցեն KASSart Studio-ում: Իսկ Լիլիթ Ծատուրյանը Հայաստանը կներկայացնի Ֆրանսիայի Gobelins անիմացիայի համալսարանի ամառային դպրոցում:

Քասունին հավելել է նաև, որ ReAnimania 2011-ի ծրագրի 80 տոկոսն արդեն պատրաստ է և արդեն կա հյուրերի հետ նախնական պայմանավորվածություն: «Նրանցից մեկը կլինի ռեժիսոր անիմատոր Հարրի Բարդինը, որն այստեղ կնշի իր 70-ամյակը: Նա Հայաստանում կցուցադրի իր նոր ֆիլմը, որը նույնիսկ ՌԴ-ում դեռ չի ցուցադրվել»,-ասել է Քասունին: