13 հոկտեմբերի 2010 - 10:54 AMT
Համահայկական միջազգային երիտասարդական կենտրոնի նախագահ Անդրանիկ Նիկողոսյանը պարգևատրվել է Ռուս ուղղափառ եկեղեցու շքանշանով

«Պատվի գործ» հայ-ռուսական բարեգործական կազմակերպության համանախագահ Անդրանիկ Նիկողոսյանը պարգևատրվել է Ռուս ուղղափառ եկեղեցու Սուրբ Դանիիլ Մոսկվացի բարեպաշտ իշխանի III աստիճանի շքանշանով: Ինչպես նշված է Ամենայն Ռուսիո պատրիարք Կիրիլի հրամանագրում, շքանշանն Անդրանիկ Նիկողոսյանին շնորհվել է «Գյումրիում Պատվո Բլուր ռուսական զինվորական գերեզմանատան վերականգնման ընթացքում ցուցաբերած անձնուրաց աշխատանքի համար»:

Համաձայն Ռուս ուղղափառ եկեղեցու պարգևների մասին կանոնակարգի, Սուրբ Դանիիլ Մոսկվացի բարեպաշտ իշխանի շքանշանով են պարգևատրվում հոգևոր կյանքի վերածննդի գործում ավանդ ունեցող անձինք:

Համահայկական միջազգային երիտասարդական կենտրոնի նախագահ Անդրանիկ Նիկողոսյանն անցյալ տարվա հոկտեմբերին նշանակվեց Գյումրու Պատվո Բլուր զինվորական գերեզմանատան վերականգնման հարցերով հանձնաժողովի նախագահ: Պատվո բլուրում հողին են հանձնված 19-րդ դարի ռուս-թուրքական պատերազմներում Կարս քաղաքի գրավման ընթացքում զոհված ռուս սպաների աճյունները: Խորհրդային տարիներին Պատվո Բլուրը հավասարեցվեց հողին, և միայն 2009-ին Հայաստանում Ռուսաստանի դեսպան Վյաչեսլավ Կովալենկոյի նախաձեռնությամբ որոշում ընդունվեց այն վերականգնելու մասին: Վերականգնման աշխատանքները համակարգելու նպատակով ստեղծվեց «Պատվի գործ» հայ-ռուսական բարեգործական կազմակերպությունը:

Պատվո բլրի բացման արարողությունը տեղի ունեցավ օգոստոսի 20-ին` Հայաստանի և Ռուսաստանի նախագահների մասնակցությամբ: